Рубрика: Հոդվածներ, Դաստիարակի օրագիր

Դաստիարակի օրագիրը որպես ուղեցույց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարատարիք խմբերում կան տարբեր բնավորություններ ունեցող սաներ: Յուրաքանչյուր երեխա մի նոր «ես» է, նոր աշխարհ… Ամեն մեկին յուրովի եմ մոտենում: Ինչքան երեխա, այդքան էլ մարդկային տեսակ՝ աշխույժ, շփվող, հարմարվող, կամակոր, ամաչկոտ, նեղացկոտ, լացկան…
Լացող երեխաներին անհատական մոտեցում եմ ցուցաբերում: Իմ խմբի 3 տարեկան Նարեկը կամակոր է: Ամեն օր, երբ խումբ է մտնում, լաց է լինում.
-Ընկե՛ր Աննա, մամայիս եմ ուզում: Հետո դուռը բացում է ու խմբից փախչում: Մի քանի անգամ մայրիկին խնդրեցի, որ գա խումբ և Նարեկի հետ նախաճաշի, խաղա, հետո թաքուն հեռանա, բայց Նարեկը շարունակում էր լաց լինել. տարբերություն չկար:
Հետո պատահական տեսա, որ դպրոցի մուտքի մոտ Նարեկը մայրիկի մոտ նորից է լացում: Երևի հեծանիվ էր ուզում քշել կամ էլ ուզում էր լաց լինել, պետք է լացեր: Ի դեպ, պարտեզում երեք տարեկան Նարեկը հանգստի ժամին չի քնում, ամեն բան չի ուտում, բայց բավականին հստակ խոսք ունի: Երբ Նարեկը լացելով խումբ է մտնում, ձեռքը բռնում եմ, ուզում եմ սիրել, ամուր գրկել, բայց Նարեկը պառկում է հատակին և սկսում լաց լինել: Հետո վազում է դեպի դուռը, որ փախչի: Արագ գրկում եմ Նարեկին, առաջարկում եմ հանել կոշիկները և հագնել հողաթափերը: Նարեկը չի համաձայնվում: Նորից վազում է, դուռը բացում և խմբից դուրս գալիս: Չորս տարեկան Յուրին վազում է և Նարեկին ասում.
-Մի՛ գնա հա՞ դուրս: Զարմանքս մեծ է. ուղիղ մեկ տարի առաջ Յուրին էր դուռը բացում և վազում իր մայրիկի դասարան՝ մեր շատ սիրելի Անահիտ Գրիգորյանի մոտ: Իհարկե, Անահիտն էլ ասում էր.
-Այսպես չի՛ լինի, խումբը պետք է փոխեմ: Իհարկե, ծնողն է որոշողը, թե որտեղ է իր երեխայի համար լավ, բայց միայն մի բան կարող եմ ասել, որ Յուրին արդեն մեծացել է, այլևս չի վազում մայրիկի մոտ: Նարեկը շարունակում է.
-Ընկե՛ր Աննա, արի՛ գնանք մամայիս մոտ:
-Նարե՛կ, արի՛ գնանք խումբ, ես իմ կոշիկները հագնեմ, միասին գնանք: Նարեկը դեռ շարունակում է լաց լինել: Հանգիստ գրկում եմ և խումբ տանում: Արագ հանում եմ մեկ կոշիկը և պահում:
-Նարե՛կ, արի՛ հողաթափերը հագնենք:
-Չէ՛, իմ կոշիկն ո՞ւր է: Նարեկն առանց կոշիկի խմբից չի փախչում, լացի ձայնը կտրում է և ասում.
-Ընկե՛ր Աննա, կոշիկս ո՞ւր է:
-Վա՜յ, Նարեկ ջան, արի՛, հողաթափերը հագի՛ր, գնանք, ման գանք: Մի քանի րոպե հետո Նարեկի կոշիկը գտնում ենք և վերջ: Նարեկն էլ չի լացում, հանգիստ իր օրը անցկացնում է պարտեզում: Նարեկը շատ է սիրում մանր մոտորիկայով զբաղվել, խաղալ: Նարեկի համար ամեն օր մի նոր հետաքրքիր գործունեություն պետք է մտածել: Մի օր եկավ խումբ, տոպրակի մեջ հատիկեղեն էր հավաքել: Բացեցինք տոպրակը և սկսեցինք առանձնացնել հատիկեղենը:
-Վա՜յ, Նարեկ, տե՛ս, լոբին ո՞ւր է: Նարեկը սկսեց ման գալ լոբիները, և մայրիկը սուսուփուս հեռացավ։ Նարեկը մի քիչ էլ պետք է մեծանա, պարզապես նա դեռ սիրում է լաց լինել: Լինի մայրիկի, պապիկի, հայրիկի, թե ընկեր Աննայի կամ ընկեր Հասմիկի մոտ, միևնույնն է, եթե ուզում է լացել, ուրեմն՝ լացելու է: Այսպես եմ ասում, որովհետև Նարեկն ապրում է կիրթ, գրագետ ընտանիքում, որտեղ միայն ընտանեկան սերն ու ջերմությունն են տիրում: Դեռ փոքր ենք:
Հիմա էլ ուզում եմ պատմել Ալիսայի մասին: Ալիսան դեռ երկրորդ ամիսն է, ինչ հաճախում է իմ խումբ: Առաջին երկու օրը լաց եղավ: Ես էլ Ալիսայի հետ զրուցեցի, ասացի, որ ինքն արդեն մեծացել է, որ խմբում լացող երեխաներ չկան: Առավոտյան Ալիսան գալիս է խումբ, մայրիկի հետ կանգնում է, ուշադիր նայում ընկերներին, հետո մայրիկին ասում.
-Մամա՛, հաջո՜ղ, ընկերներս խաղում են,- ու վազում է ընկերների հետ խաղալու: Երեկ էլ քնի ժամին Ալիսան քաղցած էր, վեր կացավ անկողնուց, վազեց, հացամանից հաց հանեց և բարձրացավ իր անկողին: Այդ ժամանակ Լիլին էլ հաց ուզեց: Ալիսան գնաց, մեկ կտոր հաց վերցրեց և տվեց Լիլիին: Հիմա շատերը կասեն. «Անկողնու մեջ հաց են ուտում, կարելի՞ է, փշուրները թափվում են»։ Կամ էլ. «Ի՞նչ իրավունք ունի երեխան պահարանի դուռ բացել»: Ես ուզում եմ, որ իմ խմբի բոլոր երեխաները տան և պարտեզի տարբերությունը չնկատեն: Հաստատ տանը եթե երեխան հաց ուտեր, մի կտոր էլ ընկերուհուն հյուրասիրեր, մայրիկը միայն կուրախանար: Լիլիի մայրիկը ժամը 15:00-ին եկավ խումբ, որ Լիլիին տանի: Լիլին արագ հագնվեց և մայրիկի հետ գնաց: Ալիսան սկսեց լաց լինել.
-Լիլիին եմ ուզում: Չներառվող երեխաներին ժամանակ է պետք: Եթե անգամ մեկ ընկեր փնտրի, գտնի, նա արդեն ներառված է: Սկզբում մեկ երեխայի հետ է խաղում, հետո՝ կամաց-կամաց մյուսների: Ներառվելու համար հաճախ ենք շրջանաձև կանգնում, ձեռք բռնում: Լինում են երեխաներ, որ միմյանց ձեռք չեն բռնում: Պայմանավորվում ենք, որ ով ընկերոջ ձեռքը չի բռնում, չի խաղում: 2-4 տարեկաններն ունեն իրեց «ես»-ը, կամակոր են, ուզում են անընդհատ ուշադրության արժանանալ: Եթե անգամ չի ուզում ընկերոջ ձեռքը բռնել կամ խաղալ ընկերների հետ, ոչինչ, ժամանակի խնդիր է:
Ցանկացած դաստիարակ պետք է կարողանա ներառել երեխային խաղերի մեջ ոչ թե ստիպողաբար, այլ ամենօրյա աշխատանքով։ Արդյունքում պետք է երևա, որ երեխան ներառվում է:
Рубрика: Համագործակցության ծրագիր

Օշոյի«Բացի քեզանից >>

Աշխարհում դու միակն ես:Կյանքը քոնն է, դու՝կյանքինը:Դու ես քեզ օգնողն ու պաշտպանողը, դու ես մարդկանց աջակցողն ու հասկացողը: Դու ես քեզ կործանողն ու փրկողը, դու ես մարդկանց վիրավորողն ու կործանողը…Ցանկացած մարդ պետք է փորձի լինել ուժեղ, մեծահոգի, ներողամիտ, հանդուրժող: Ամեն օր ոչ մի օրվա նման չէ: Օրեր են, կմթնեն ու անց կկենան: Ուրախություն ստեղծողն էլ ես դու, տխրություն ստեղծողն էլ: Լինի բախում, վիրավորանք, կարոտ, բաժանում, ամեն ինչ պետք է թեթև, հասկանալով ընկալել: Մարդը եզակի արարած է: Աշխարհում անգամ երկվորյակներն իրար նման չեն: Յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր կյանքի լավ ու վատի համար: Եկե՛ք ապրենք ազնիվ ու անշահախնդիր: