Рубрика: Ուսումնական նյութեր, Ծեսեր

Ծննդյան ծեսը նախակրթարանում

Ծննդյան ծեսը նախակրթարանում

Ծնունդ բառը լսելով` ակամայից տեսնում ես այն լուսավոր, ճառագող լույսը, որ միշտ փայլում է: Ժպտացող աչքեր, մանկան կչկչոց, թաթիկներ, որ ծափ են տալիս, հրճվում՝ մեկ մոմ փչելով , մեկ էլ << Տարեդարձ է >>երգելով: Իհարկե, ծնողներն էլ ներքուստ հպարտանում են. չէ ՞ որ իրենց երեխայի առաջարկած հերոսներով մեծ տորթեր են պատրաստել կամ պատվիրել:Արդյունքում երեխաներն այդ մեծ տորթերից այդքան էլ շատ չեն ուտում՝ փոխարենը բերաններն ամբողջությամբ պատված են գունավոր ներկերով:

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի նախակրթարանում ծննդյան ծեսը սկսվում է ընդհանուր նախապատրաստական աշխատանքներով, ինչպես յուրաքանչյուր տանը,սրճարանում…

Ծննդյան ծեսը

Ծննդյան տորթը պատրաստում ենք մայրիկների, տատիկների և 2-4 տարեկանների հետ: Նախապես զրուցում ենք, ճշտում ենք, թե մեզ ինչ է հարկավոր տորթ պատրաստելու համար և գնում խանութ` գնումների : Հիմա շատերի մոտ հարց կառաջանա.

-Ինչպե՞ս եք քսանհինգ երեխայի հետ խանութ գնում :

Տարատարիք խմբում չորս տարեկաներն են մասնակցում գնումներին:Չես կարող չդիտարկել, որ ելնելով տարիքային աձանձնահատկություններից՝ ցանկացած տարիք ունի իր զարգացնող հետաքրքրությունը: 2-3 տարեկանները մասնակցում են տորթ թխելու արարողությանը, իսկ 4 տարեկաներն արդեն ինքնուրույն են, տրամաբանում են, ազատ և անկաշկանդ կարող են գնումներ անել, անգամ ճանապարհին մեկ տոպրակ պահել:
-Հիմա գնում ենք տասը ձու:

Դուք պետք է տեսնեք, թե ինչ զգույշ են տասը ձուն դասավորում տոպրակի մեջ և միևնույն ժամանակ ոգևորված հաշվում: Գնորդներն էլ նայում են, ժպտում, և անընդհատ լսվում է.

-Ապրե՛ք, ապրե՛ք, ո՞ր պարտեզից եք:

Արեգ ջան, ծնունդդ շնորհավոր

Անհանգստանալու կարիք չկա` ձուն կկոտրեն, շաքարավազը կթափեն: Ուշադիր են, վստահ: Եթե անգամ կոտրվի կամ թափվի, խնդիր չէ, նորից կգնենք: Հաճախ լսում եմ.

-Շատ ցրված է, պետք է ուշադրությունը զարգացնող խաղեր խաղալ:

Ամեն օր շփվելով 2-4 տարեկանների հետ՝ միանշանակ կարող եմ ասել, որ ցանկալի է ցանկացած գործունեություն խաղի վերածել՝ լինի հաց ուտել, լվացվել, եփել, թափել, լվանալ, զբոսնել, քնել, անգամ աղբ թափելը: Սահման մի՛ դրեք` դուք դեռ փոքր եք, կամ չեք կարող: Թողե՛ք երեխան ընտրի, հասկացեք, թե ինքն ինչ է ուզում , երեխային ընտրության լայն հնարավորություն տվեք: Կարծում եմ, որ բոլոր ծնողները կփաստեն, որ երեխաները շատ են հեռախոսով մուլտֆիլմեր նայում, խաղում , ոչ մի բան չեն ուզում անել, կամ էլ այնքան են լաց լինում, որ մայրիկը ստիված հեռախոսը տալիս է: Խանութում էլ ինչ ուզում են, լացում են, որ իրենց համար գնեն: Այո, իմ փորձից մի դեպք պատմեմ:

Հերթական ծննդյան ծեսն էր խմբումս, նորից խանութում էինք: Հանկարծ 4 տարեկան Արսենը սկսեց լաց լինել, նստեց հատակին և սկսեց բղավել.

-Մամայիս եմ ուզում…

Զարմացա, որ Արսենը կարող է խանութում իրեն էդպես պահել: Սա ևս մի հարթակ է սանին այլ կողմից դիտարկելու ու բացահայտելու։ Անմիջապես խանութից դուրս եկանք, և սկսեցի զրուցել ու հասկանալ Արսենին: Պարզվեց, որ Արսենը շատ գեղեցիկ մեքենա էր տեսել, դրա համար էլ մայրիկին էր ուզել, որ գնի Արսենի ուզածը։ Բայց երբ բացատրեցի, որ մենք պատրաստվում ենք ծննդյան ծեսին` գնումներ պիտի անենք, որ թխենք Նարեկի ծննդյան տորթը, Արսենի աչքերն անմիջապես փայլեցին: Արսենը խաղաղվեց, միասին կատարեցինք մեր գնումները, սակայն Արսենը շուտ-շուտ գնում , հետևում էր մեքենային, վերադառնում ու ինքն իրեն համոզում, որ հայրիկի հետ կգան ու կգնեն իր հավանած մեքենան։

Արսենի հետ հաճախակի ենք գնումների գնում ,պարզապես պտտվում է, ընտրում է իր համար հարմար խաղալիքը և խանութում իրեն պահում հասուն մարդու պես: Հաղթահարեցինք խնդիրը , շատ ուրախ եմ:

Շփում, խոսքի զարգացում, տարածության մեջ կողմնորոշում, դաստիարակություն… Ամեն տեղ չէ, որ լացելով իրենց ուզածին կհասնեն, եթե նրբանկատ և հետևողական լինես:

Երբ խմբում լսվում է հարիչի ձայնը, բոլոր երեխաներն ուզում են վերցնել հարիչն ու ինքնուրույն հարել:

-Կլինի՞ ես միացնեմ հարիչը…

-Ես եմ ուզում միացնել հարիչը..

-Հարիչն իմն է…

Ջա~ն, երեխաները հավաքվում են, բոլորն ուզում են հարիչով հարել, խաղալ: Հետաքրքիր, հավեսով գործունեություն: 2-4 տարեկաններն ուզում են ամեն ինչ ինքնուրույն անել՝ ձուն կոտրել, շաքարավազ լցնել, ալյուր ավելացնել:Արդյունքում` թիվ, հաշիվ, գույն, շատ, քիչ, մեջ, դուրս, պինդ, թույլ: Էլ ինչ իմացության ստուգում:

-Տատի՛կ, իմ ծննդյան տորթը ես ընկերներիս հետ պարտեզում կթխեմ: Այլընտրանքային տորթ Հետաքրքիր է մեր պատրաստած տորթերն այնքան համեղ են ստացվում, որ ոչ մի կտոր էլ չի ավելանում: Ասում են՝ այն ինչ որ պատրաստում ես սիրով, շատ համեղ է ստացվում: Մայրիկի սերն անսահման է …Մայրիկի պատրաստածն ուրիշ է…Արի ու տես, որ մեր փոքրիկների պատրաստած տորթից չի ավելանում:

Ի՞նչ նվիրել…

Որքան հաճելի զգացողություն է նվիրելն ու նվեր ստանալը:Ուրախանալ և ուրախացնել…

Որոշ ժամանակ երեխաների հետ բացիկներ էինք պատրաստում և նվիրում:Մեկ տարի առաջ սկսեցինք նոր նախագիծ `«Հեքիաթասաց հայրիկ»: Հայրիկները գալիս էին և հեքիաթ պատմում` իսկական Ձմեռ պապի նվեր:

Հեքիաթասաց մայրիկը

Հեքիաթասաց հայրիկն ու մայրիկը

Հեքիաթասաց մայրիկը

Նոր տարին դիմավորեցինք, նշեցինք ` մտածելով նախագիծն իրականացնել ամեն տարի՝ Ամանորին, բայց ծնողները հարցնում էին.

-Մեր օրը ե՞րբ է, որ գանք հեքիաթ պատմենք:

Երեխաներն էլ ինքնուրույն որոշում.

-Իմ հայրիկը վաղն է գալու, որ հեքիաթ պատմի:

-Իսկ իմ հայրիկը` հաջորդ երեքշաբթի:

Մոտակա օրերին էլ Նարեի ծննդյան օրն էր, ես էլ մտածեցի. «Ծննդյան նվերը` հեքիաթ »: Այսպես էլ նախագիծը շարունակվեց: Ծննդյան օրը ծնողը հեքիաթ է պատմում` նվիրելով երեխաներին :

Ծննդյան տորթ, նվեր, հիմա էլ ուզում եմ խոսել «Տարեդարձ է» երգի մասին, որ ծննդյան օրերին երգում ենք հայերեն, երբեմն էլ՝ անգլերեն: Բայց կրթահամալիրում ստեղծագործական երևակայությունը միշտ զարգացնելով, այս անգամ փորձում ենք հոբելյարին գովել` օգտագործելով մեր ազգային երգերը և խաղիկները.

Գովենք, գովենք, ո՞ւմ գովենք,

Ջա~ն, Նարե ջա~ն ,ջա~ն, ջա~ն,

Մեր Նարեի թշեր գովենք,

Ջա~ն, Նարե ջա~ն, ջա~ն,

Մեր Նարեի թշերը կարմրիկ ու թմբլիկ է,

Ջա~ն ,Նարե , ջա~ն, ջա~ն:

Գովենք և ոգևորենք մեր 2-4 տարեկաններին:Չէ՞ որ մեկ տարով էլ մեծացան: Նախակրթարանում ծննդյան օրերը նշում ենք ոչ միայն խմբում, այլ նաև դպրոց-պարտեզի այգում, եթե ամառ է, նույնիսկ՝ լողավազանում: 2-4 տարեկանները շատ են ուրախանում, երբ լսում են.

-Գիտե՞ք` վաղը Դավիթի ծննդյան օրն է:

Առավոտյան բոլոր ուշացող երեխաները խմբում են:

Լիլյայի մայրիկն էլ պատմում , որ Լիլյան առավոտյան ժամը յոթին արթնացել է, արագ հագնվել, շտապել պարտեզ.

-Ուշացանք, Դավիթի ծնունդդն է, արի՛ գնանք:

Թող աշխարհում ամեն օր ծնվեն և նշվեն բոլոր հրաշք ՝քայլ առ քայլ անող երեխաների ծնունդը: Սիրում եմ, երբ ասում եմ.

-Ծնունդդ շնորհավոր…

Ծննդյան ծեսերի նյութերը ներկայացնում են կրթահամալիրի դաստիարակները: Յուրաքանչյուր խումբ ծեսն իրականացրել է առանձնահատկությամբ: Ուրախ տրամադրությունը, հավեսը անպակաս են մեր խբերում:Չէ ՞ որ տարեդարձ է հենց այսօր…

Թաթիկներն ու լուսանկարները

Ա՛յ, այսպիսի լավ ծնունդ

Վահագնի ծննդյան մեծ տորթը

Ծննդյան ծեսը Հյուսիսի նախակրթարանում

Շնորհավոր ծնունդդ, Վիկտորյա ջան

Ծննդյան շրջանակ

Խցաններով ծննդյան տորթիկը

Մեր հրաշք Անգելինայի ծննդյան ծեսը

Նատալիի ծննդյան ծեսը

Առնոյի ծննդյան ծեսը և նոր լողափի մեկնարկը




Рубрика: Նախագիծ, Ծեսեր

Ամանորյա մարզական տոնախմբություն

Դեկտեմբերի 25-ին,ժամը 10:00-ին.

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ և ծնողներ

Ծրագրում`

Ամանորյա խաղերգ-պարերգ. «Զար,զընգը »

Ամանորյա խաղերգ-պարերգ. «Բասեն բարի»

Փաթ, փաթ, փաթիլներ

Այ քեզ, այ քեզ տոնածառ

Առաջին ձյունը (շրխկաններով, ծափերով ու դոփերով)

Ձմեռ պապի

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։

Աթաբեկ Խնկոյան

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,

Փլավ կուtենք պուտուկներով,

Գդալ չկա, շերեփ չկա,

Մենք էլ կուտենք մատիկներով:

Ամանորյա մարզական խաղեր

1.«Օղակախաղ»

2.«Գնդակախաղ»

3.«Գլուխկոնծի»

4 ,Ամանորյա  ընկուզախաղեր

Հագուստ

Ձմեռ պապի գլխարկ, սպիտակ վադալասկա և կարմիր մայկա:

Հյուրասիրություն

Տարեգաթա, չրեր, չարազ, խուրմա, մրգեր, կոնֆետներ, քաղցրավենիք:

Рубрика: Ուսումնական նյութեր, Ծեսեր

Ատամհատիկ

Ատամհատիկի ծեսին ընդառաջ պատրաստեցինք գունավոր կերպարներով ատամներ: Ատամներին անուններ դրեցինք՝ Նիհարիկ, Ցմփորիկ, Կտկտիկ:

Խաղացինք Ատամհատիկ խաղը:

Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

Մեր պատրաստած « ատամները » դասավորեցինք գունավոր պարանների վրա , հետո սկսեցինք հավաքել: Յուրաքանչյուրը պետք է քայլեր մի գծով և հավաքեր այն:

Рубрика: Ուսումնական նյութեր, Ծեսեր

Շաքարաքլոր

Ծննդյան ծեսի համեղ կոնֆետը՝ մեր պատրաստած շաքարաքլորներն են:

2-4 տարեկանները շաքարաքլոր բառը դժվարանում էին ասել ,բայց շատ էին ուրախացել, բոլորի աչքերը փալում էին:

-Շոքոաքլոր,շորաքլոր,ծուղրուղու աքլոր…

Մի քանի անգամ շաքարաքլոր բառը ծափերով կրկնեցինք, և ուտելուց հետո միայն բոլորը կարողացան շաքարաքլոր բառը ճիշտ ասել:

Рубрика: Ուսումնական նյութեր, Ծեսեր

Խաղ-թռնոցիներ

  • Ընտանեկան նախագիծ Հարգելի’ ծնողներ, ընտրեք այս խաղ-թռնոցիներից մեկը: Սովորեք և խաղացեք:Մինչև շաբաթավ վերջ նկարեք և ուղարկեք ինձ: a.hayroyan@mskh.am

ՃիվուճիվուՃիվուճիվուՃիվու

Ճիվուճիվուճնճղիկ,
Թռավգնաց առվի եզրիկ,
Կերավ կուտիկ,
Խմեց ջրիկ,
Թռավ մտավ Աստղիկի ծոցիկ:
Թը~ռռ ճվիկ:

Թը~ռռ ճվիկ:

Թը~ռռ ճվիկ:


  • Միասնական խաղ-թռնոցի.
    Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
    Թռավ, գնաց առվի եզրիկ,
    Կերավ կուտիկ,
    Խմեց ջրիկ,
    Թռավ մտավ Աստղիկի ծոցիկ:
  • Միասնական խաղ-թռնոցի
    Տո՜տ, տո՜տ, տո՜տ արա,
    Տոտիկներդ փոխ արա,
    Կանաչ խոտիկ փոխ արա:
  • Միասնական խաղ-թռնոցի
    Կլորիկ ու թմբլիկ եմ,
    Պստլիկ ու ճստլիկ եմ,
    Քիթս պուճուր–պուճուրիկ է,
    Աչուկներս սևուլիկ են,
    Կա՞ ինձ նման սիրունիկը:
    Չկա, չկա, չկա:
  • Միասնական խաղ-թռնոցի
    Հա թռի, թռի, թռցնեմ,
    Չիր ու չամիչ կերցնեմ,
    Մեղր ու կարագ կերցնեմ,
    Աղբյուրի ջուր խմցնեմ,
    Հա թռի, թռի, չուր ի լուս,
    Պապեն գիկա կենա դուս:
  • Միասնական խաղ-թռնոցի
    Ծիլ, ծիլ, ծիլծիլա,
    Ելեք, տեսեք` ո՞վ կուգա,
    Պստի պապը տուն կուգա,
    Չամիչ ուտելեն կուգա,

    Ճանճը տզզալեն կուգա,
    Ճնճուղը  թը՜ռնելեն կուգա:
  • Միասնական խաղ-թռնոցի
    Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
    Փլավ կեփենք պուտուկներով,
    Գդալ չկա, շերեփ չկա,
    Մենք էլ կուտենք մատիկներով:
    Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
    Չալ խնձորիկ, փշատիկ,
    Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
    Ծկլակտուց, ծկլամերիկ,
    Կուտ ուտի, կուտման ուտի,
    Ծակ շերեփով ծիկրակ անի:
  •  Խնոցի- ասերգ
    -Խնոցի,
    -Հարոցի.
    Թանը հանի` քամեցի,
    Սրսուռ չորթան շինեցի,
    Եղով ապուր եփեցի,
    Պետոն ուզեց` տփեցի:
    Երգ․
    Հարի, հարի, խնոցի,
    Մեջդ բարի, խնոցի,
    Ունկդ բարակ, խնոցի,
    Մեջդ կարագ, խնոցի:
    Փլավ կեփեմ՝ եղ չըկա,

    Փեսեն էկավ՝ տեղ չկա,
    Հարի, հարի, խնոցի,
    Մեջդ բարի, խնոցի:

Թռի, թռի, թիթեռնիկ,
Եկեղեցու ծիծեռնիկ,
Խաչ պատուհան կուտ քաղե,
Ավազանի ջուր խմե:
Վարդի դաստա խորոտիկ,
Ռեհանի փունջ մորոտիկ,
Քեզմեն առնեմ հոտհոտիկ,
Իմ սիրունիկ աղունիկ:

Рубрика: Ուսումնական նյութեր, Ծեսեր

Հարիսայի ծես

Օրը սկսեցինք ուրախ ռոդարիական նախավարժանքով: Հետո արագ ծնողներով սեղան գցեցինք և համտեսեցինք մեր դրած թթուն և խոհարարի պատրաստած համեղ հարիսան՝ խմելով անմահական գինին:

Շատ համեղ թթու է, բայց գինին շատ լավն է: Հուսանք՝ Նոր տարվան էլ կխմենք: Տաթևի հայրիկն էլ խոստացավ ուզբեկական փլավ պատրաստել Ամանորին՝նորից գինին համտեսելու ակնկալիքով: